Ռոբերտ Քոչարյանը հիմա ունի երկու ճանապարհ․․ որը կընտրի նա, ինչ է սպասվում

Հետաքրքիր Քաղաքականություն

Հայաստան դաշինքը, որ 21 տոկոսով երկրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, հայտարարել է, որ չի ճանաչում ընտրության արդյունքը, քանի որ այն համոզիչ չէ: Մի կողմ թողնենք այն, որ ըստ էության անեկդոտային է հնչում, երբ 2003 և 2008 թվականի նախագահի ընտրություն կազմակերպած Ռոբերտ Քոչարյանը դժգոհում է, կամ դատապարտում ընտրակեղծարարությունը: Նա իհարկե ունի դրա իրավունքը, բայց այդ իրավունքի իրացմանը լուրջ բնույթ հաղորդելու համար նախ պետք է սկսել հենց 2003-ից, անցնել 2008-ով՝ նվազագույնը, հետո միայն հասնել մեր օրեր: Միևնույն ժամանակ շատ պարզ ու հասկանալի է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի հայտարարությունների քաղաքական մոտիվը: Որքան էլ նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, այդուհանդերձ դրա համար գործադրել են այնպիսի ջանքեր, կիրառել այնքան ռեսուրս, սահմանել այնպիսի այսպես ասած քաղաքական նշաձողեր, որ ընտրության արդյունքը և «չկրելու» հանգամանքն ընդունելը իսկապես բավականին ծանր է և բարդ: Մյուս կողմից սակայն առաջանում է հարց, թե ի՞նչ է անելու երկրորդ նախագահը իր դաշինքով, եթե չի ընդունում արդյունքն ու չի գնում խորհրդարան աշխատելու:

Իհարկե, կարող է անել այն, ինչ անելու են նաև խորհրդարան չմտած մյուս ամենատարբեր ուժերը՝ շարունակել աշխատանքը հանրության հետ, որպեսզի ընդլայնվի հանրային շրջանակում ընդունելությունը, ընդլայնվի համակիրների շրջանակը և այդպիսով բարձրանա քաղաքական հաջողության, ընդհուպ իշխանության գալու հնարավորությունը: Դա մի ճանապարհ է, թեև այդ դեպքում հարց է առաջանալու, թե ինչու այդ ճանապարհին հրաժարվել հավելյալ և կարևոր լծակից ու հարթակից՝ խորհրդարանում ներկայացվածությունից: Մյուս տարբերակը իրավիճակի լարման ճանապարհն է, որն արդեն ճանապարհ է Հայաստանի դեմ: Եթե Ռոբերտ Քոչարյանը մերժում է ընտրության արդյունքը և գնում փողոցային վիճարկման, ապա դա հարված է Հայաստանին, որովհետև ապակայուն և լարվող միջավայրը բացում է Հայաստանի դեմ արտաքին ճնշումների միջավայր և հնարավորություն: Իսկ այդ դեպքում, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ ուժի դաշտից բացահայտորեն տեղափոխվելու է Հինգերորդ շարասյան դաշտ, հաշվի առնելով և այն, որ ընտրության արդյունքը միանգամայն համապատասխանում է հասարակական տրամադրություններին և լեգիտիմ է, ի տարբերություն օրինակ նախկինում ընդհուպ ուժով և փողով կեղծվող ընտրությունների:

Միթե՞ Ռոբերտ Քոչարյանը կարող է թե Հայաստանի, և թե նույնիսկ իր համար պատկերացնել որևէ հեռանկար երկրորդ ուժի խորհրդարանական դիրքից Հինգերորդ շարասյան հակապետական դիրք տեղափոխվելու պարագայում: Ըստ այդմ, թե իր, թե նաև պետության համար առավել ռացիոնալն ու շահեկանը կարող են լինել խորհրդարանի ընտրության արդյունքը ճանաչելը և քաղաքական պայքարը քաղաքական հարթությունում իրականացնելը: Իհարկե այստեղ արդեն այլ հարց է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի համար «ոչ համոզիչ» է այն, որ չհաղթահարելով 7 տոկոսը, խորհրդարան պետք է անցնի նաև Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը, ԲՀԿ փոխարեն: Իսկ դա այն դեպքում, երբ այստեղ կարող է առաջանալ առնվազն քննարկելու հարց: Բանն այն է, որ հերթականությամբ՝ Սարգսյանը երրորդն է, ԲՀԿ՝ չորրորդը: Բայց, ԲՀԿ շատ ավելի մոտ է անցողիկ անհրաժեշտ շեմին, քան Պատիվ ունեմ դաշինքը: Հերթականությո՞ւն, թե՞ անցողիկ շեմին ավելի մոտիկ լինելու հանգամանք, ո՞րն է այստեղ վճռորոշը երրորդ անցնող ուժին որոշելու հարցում: Այդտեղ պատկերը կարող է դառնալ քննարկումների կամ վիճարկումների առարկա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.