«Շատերը չէին պատկերացնում, որ Հասմիկը կամուսնանա, հիմա զարմացած, գուցե, նախանձով նայում են, որ կարողացա ամուր ընտանիքի լավ մայր լինել». Հասմիկ Կարապետյան

Հետաքրքիր Շոու բիզնես

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն 6 տարի է, ինչ իր ընտանիքն ունի: Ժամանակին հայկական երգարվեստի ամենաակտիվ անդամներից մեկը տարիների հետ սկսեց պասիվ գործունեություն ծավալել:

Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը խոսել է ընտանիքի, ի սկզբանե ընտանեկան հոգսերի բարդության չափը չգիտակցելու, ամուսնու հետ բախումների, տարիներ առաջ ունեցած դեպրեսիայի ու վախերի մասին:

Հասմիկը նկատեց, երբ ընտանիքը կազմվում է ամուր հիմքերի վրա, լուսավոր ու պայծառ է լինում, թեև չի կարող բացառել, որ, երբեմն ամուր հիմքի վրա ստեղծված ընտանիքը կարող է փլուզվել:

«Ես մի բանում համոզվել եմ՝ ընտանիք պահելն ամենօրյա աշխատանք է: Որքան էլ ընտանիքը բնությունից մեզ տրված հեշտ ու պայծառ երևույթ է, ժամանակակից աշխարհում մարդիկ ամեն ինչ բարդացնում են, ընտանիքը դարձնում ամենօրյա աշխատանք:

Իրականում երևույթը հեշտ ու հասկանալի է, իսկ մենք բարդացնում ենք մեր պահանջներով, ակնկալիքներով, սպասումներով: Որպես կանոն՝ մինչև ամուսնանալը զույգն ընտանեկան կյանքի այլ նկարագիր է պատկերացնում, ցավոք սրտի, 99 տոկոսը բախվում են չսպասված նկարագրի և երևույթների:

Մտածված է ստեղծված, որ մինչև ամուսնանալն ու առաջին երեք տարին էյֆորիկ սեր լինի, որպեսզի մարդիկ ընտանիք ստեղծեն: Եթե կինն ու տղամարդը նախապես իմանան, թե ինչ է սպասվում իրենց, ոչ բոլորը կամուսնանան»,- ասաց նա:

Ըստ Հասմիկի՝ բոլորն էլ ամուսնանում են ուժեղ սիրահարվածության հիմքերի վրա, որի արդյունքում դիմացինի թերությունները չեն տեսնում:

«Այդ ժամանակ ուղեղով չեն մտածում՝ համապատասխա՞ն են տվյալ մարդու հետ ընտանիք կազմելու համար: Իրական սերը գալիս է ոչ թե ընտանեկան կյանքի սկզբում, այլ վերջում, երբ երեխաներն ամուսնանում են, կազմում իրենց ընտանիքը, կինն ու տղամարդը մնում են երկուսով:

Այս ամենն իմ փորձով եմ հասկացել, այն մարդկանցից եմ, որոնք չեն սովորում ուրիշների սխալների վրա: Ասում են՝ հիմարները սովորում են իրենց, խելացիները՝ ուրիշների սխալների վրա, բայց ես դա չեմ ընդունում: Մարդը չի կարող դասեր քաղել առանց սխալն իր մաշկի վրա զգալու»,- նշեց Հասմիկը:

Երգչուհին անկեղծացավ, որ մինչև ամուսնանալը որոշ բարդություններ պատկերացնում էր, որովհետև ինքն էլ ընտանիք, ամուսնացած ընկերներ է ունեցել, բայց բարդության աստիճանը միայն վերջերս է գիտակցել:

«Երեխաներն ինձ մեծացրին: Հաճախ ասում էին՝ Հասմիկի մեջ մի բան չի մեծանում, անկախ տարիքից, կարծես, երեխա լինի: Այդ ամենն իմ ներաշխարհից էր գալիս, երևի չէի ուզում մեծանալ: Աստված տեսավ՝ չեմ ուզում, բայց պետք է մեծանամ ու ինձ ընտանիք, երեխաներ պարգևեց»,- ասաց նա:

Հասմիկը նկատեց, որ թեթև ու ուժեղ բախումներ են ունենում, գալիս է մի պահ՝ մարդը մտածում է, որ չի կարող նման տեսանկյուն ունեցող մարդու հետ ապրել, նույն կերպ ինքը կարող է դիմացինի համար որոշ առումներով անընդունելի դառնալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *