Մարտի 1-ից Հայաստանը նոր փուլ է մտնում

Հետաքրքիր Քաղաքականություն

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Եվրոպական միությունն արդեն ծանուցել է Հայաստանին, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն արդեն ավարտվել է: Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Իսկ ի՞նչ է արվել ԵՄ- Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով այս տարիների ընթացքում:

Նախ՝ նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, իսկ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ անդամ պետությունների կապիտալով գործող ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների եւ գործատուների թվում են: Իրականացված աշխատանքների մասշտաբների մասին փորձել ենք զրուցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը հանդիսանում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորը նշեց.

«2017 թվականին ստորագրված պայմանագիրը, ինձ թվում է, որ ՀՀ այն ժամանակվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էր: Առաջիկայում նախատեսված է հատուկ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես՝ ֆինանսավորման ոլորտում եւ այն ծրագրերի ոլորտում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Որ մենք օգտվում ենք ամբողջովին համաձայնագրից,

սխալ կլինի ասել. մենք ունենք ճանապարհային քարտեզ, որն արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել եւ պետք է իրականացվի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Վառ ապացույցներից մեկը պարեկային ծառայության ստեղծումն է, ոստիկանության բարեփոխումներն էին, դրանք շարունակվում էին, սակայն պետք է ավարտված լիներ դեռ անցյալ տարի»,- նշեց պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին ուսումնասիրեց ճանապարհային քարտեզը՝ փորձելով առանձնացնել եւ հասկանալ, թե որ նախագծերի ժամկետն է ավարտվել, եւ որոնց իրականացման ժամկետներն են մոտենում: Օրինակ, ըստ ճանապարհային քարտեզի՝ մինչեւ այս տարվա 4-րդ եռամսյակը պետք է պատասխանատու հանդիսացող ՀՀ արդարադատության կողմից ներկայացվի եւ ընդունվի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Իսկ, ահա, վարորդական վկայականների տրամադրման կարգում համապատասխան փոփոխությունները պետք է արված լինեին մինչեւ 2019 թվականի հունիսը, այնինչ դրանք, կառավարության որոշմամբ, ուժի մեջ են մտել միայն 2020 թվականի սեպտեմբերից՝ գրեթե մեկ տարի ուշ: Ճանապարհային քարտեզով 2020 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված էր Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, սակայն նկատենք, որ այն կստեղծվի միայն այս տարի, եւ արդյունքում կունենանք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) եւ Հակակոռուպցիոն կոմիտե:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *