Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղաս պանության հետ

Այլ լուրեր Հետաքրքիր

Հայոց ցեղաս պանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am-ը զրուցել է թուրք գրող և թարգմանիչ Մուրաթ Ույուրքուլաքի հետ։

Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որը թարգմանվել է հայերեն և շուտով կտպագրվի Հայաստանում։

Գրքում տեղ գտած հոդվածում Ույուրքուլաքի հերոսը (ով իրական կերպար է), երիտասարդ ժամանակ պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են լցրել ու արյունը խմել», բայց ծերության տարիներին սկսում է բոլորվին այլ պատմություններ պատմել թուրքերի ոճրագործությունների մասին։

«Եվ ահա, Համզա պապիկը բավականաչափ ծերացավ։ Ու երբ ոտք գցեց թուլամտության խաղաղ և անորոշ աշխարհը, նրա պատմությունը կամաց-կամաց սկսեց փոխվել ․․․ ու պատմությունն արդեն սկսում էր միշտ նույն հարցով․ «Գիտե՞ք, թե ինչու է Քըզըլըրմաք գետի անունը «քըզըլ ըրմաք (կարմիր գետ)»։ Ու անմիջապես էլ պատասխանում էր․ «Որովհետև հայի արյամբ էր լցվել»։ Մենք տասը հոգու միմյանց էինք կապում, որ փամփուշտները զուր չծախսենք, մի կենտ փամփուշտով զարկում, գետն էինք գցում բոլորին․․․»

– Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։

– Հայոց ցեղասպանությունը այն ոլորտներից է, որտեղ մենք չենք կարողացել հաղթահարել մեր ատելության, չարության, վրեժխնդրության զգացումը։ Եվ գուցե՝ ամենակարևորը։ Թուրքիայի բնակչությանը պարուրած վայրի ազգայնամոլությունը չի կարող վերանալ, քանի դեռ չի կայացել առերեսումը այդ մեծ պատմական հանցանքի հետ։

Եթե ուզում ենք կերտել քաղաքակիրթ, բարեկեցիկ, ժողովրդավար պետություն, ուրեմն անպայման պետք է առերեսվենք Հայոց ցեղասպանության հետ։ Մեզ պետք է մտահոգի այն հարցը, թե ինչու 1915-ից առաջ շուրջ 2 մլն կազմող հայ ազգից 10 տարի հետո նույնիսկ անունները չմնացին։ Այդ մտահոգությունն այն օղակն է, որը կարող է մեզ կապել մարդկության ու մարդկայնության հետ։

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Ի՞նչ եք կարծում, թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված փուլում Բայդենն իր ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

– Չեմ կարծում, թե Բայդենի կամ ցանկացած այլ արևմտյան լիդերի քաղաքական նախընտրությունները կարող են շատ անմեղ լինել։ Բայց Հայոց ցեղասպանության հետ կապված ցանկացած ճանաչում, ընդունում կամ Թուրքիային ուղղված ճանաչման, ընդունման և առերեսման կոչ պարունակող ցանկացած որոշում դրական եմ գնահատում։

-Թուրքիայում կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք եթե գան իշխանության, ապա հակված կլինեն ցեղասպանության հարցը լուծել, այլ ոչ թե ժխտել։

-Այս առումով բավական ճանապարհ է անցել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը», որի անդամն եմ ես, ինչպես նաև՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որի անդամն եմ եղել նախկինում։

– Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք հայերի հանդեպ ատելությունը, ռասիստական քաղաքականությունը ի՞նչ եք կարծում, կմեղմանա՞, թե՞ կխորանա։

– Չեմ կարծում, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից որևէ բարեխիղճ ու առողջ հարաբերություն կարող է կառուցվել։ ԱԶԿ-ն սեփական իշխանությունը պահպանելու համար ամեն ինչի պատրաստ է։

Չեմ կարծում, թե նրա այդ անարդյունավետ իշխանությունը որևէ լավ բան կամ օգուտ կարող է բերել Թուրքիայի ժողովուրդներին։ Ցանկացած կործանիչ որոշում այս իշխանության կողմից կարող է ընդունվել առանց աչք թարթելու. այս իշխանությունները անհոգի, անկիրթ ու դաժան են։

– Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում Հայաստան – Թուրքիա / հայ ժողովուրդ-թուրք ժողովուրդ / հարաբերություններում։

– Ես այս հարցին լայն եմ նայում։ Աշխարհի ոչ մի ազգ մեկ այլ ազգի հետ խնդիր չունի։ Մանավանդ այն ազգերը, որոնց ուտելիքները, պարերը, երգերը, աչք-ունքը միմյանց այսչափ նման են, նրանց հաշտության համար որևէ չնչին արգելք չի կարող լինել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *