Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից

Հետաքրքիր Մտքեր

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:  Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:

Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա: Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *